Դավիթ Լոքյանը Շիրակի նոր մարզպետին արդեն առաջին հանձնարարականն է տվել
Քաղաքական
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: «Նոր մարզպետն այն մարդն է, ով լավ գիտի Շիրակի մարզն ու մարզի հոգսերը: Մարզպետին աշխատակազմին ներկայացնելիս ավելին ասելու կարիք չկա, քանի որ վերջին 15 տարում նա աշխատում էր մարզպետարանում: Նրա համար դժվար չի լինի շարունակել նախկին մարզպետի գործը»,- ասաց Լոքյանը:
Ընդհանուր առմամբ, արդյունավետութան համար պետք է շարունակականություն ապահովել՝ առաջ տանելով նախորդի սկսած լավ գործը և դա պետք է արվի տարբեր ասպարեզներում: Խոսելով արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մասին՝ Լոքյանը շնորհակալություն հայտնեց այն մեծ աշխատանքի համար, որ կատարել է Ցոլակյանը' հույս հայտնելով, որ նրա փորձը և հմտությունը կօգտագործվի ողջ հանրապետության համար:
«ՀՀ կառավարությունը փոխել է տարածքների կառավարման ձևը. եթե մենք չենք հզորացնում մեր մարզերն ու համայնքները, ապա չենք կարող խոսել երկրի տնտեսական զարգացման մասին: Պետք է գործի համաչափության սկզբունքը, դժվար է ժողովրդի խնդիրները լուծել, եթե զարգանում է միայն Երևանը: Այսօր երկիրը պետք է շարժվի տարածքների տնտեսական զարգացման ծրագրով, դրա փորձն արդեն կա մի շարք երկրներում, օրինակ' Խորվաթիայում: Մենք պետք է իրականացնենք հստակ ռազմավարություն մարզերի և համայնքների զարգացման համար: Այս ընթացքում մարզում և Գյումրիում շատ բան է արվել, բայց այդ աշխատանքը պետք է համակարգվի: Պետք է գործել այնպես, որ մտածենք ոչ միայն Գյումրու փողոցների վերականգնման մասին, այլ նաև' տուրիզմի: Երևանում նստած հաճախ շատերը չգիտեն, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրին: Ես արդեն հանձնարարել եմ, որ մարզպետն աշխատի այս ուղղությամբ»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ մարզպետի փոփոխությունը չի նշանակում աշխատակազմի փոփոխություն:
«Մենք չպետք է մտածեք, որ մարզպետի փոփոխությունը նշանակում է համակարգի փոփոխություն: Քաղծառայողը պետք է լինի պաշտպանված: Եթե լավ մասնագետ եք ու գիտակ, պետք է մնաք ու աշխատեք, իսկ եթե ունակ չեք աշխատելու, պետք է հրաժարվեք աշխատանքից»,- նշեց Դավիթ Լոքյանը' կրկին շնորհավորելով Սիմոնյանին, մաղթելով ամենաառաջինը մարզում տրամադրության փոփոխություն և համերաշխ աշխատանք համայնքապետերի և մարզը ներկայացնող պատգամավորների հետ:
Նորանշանակ մարզպետն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար' հույս հայտնելով, որ խնդիրները կլուծվեն համատեղ աշխատանքի դեպքում:
Օգտվելով առիթից' հանդիպման ավարտին Դավիթ Լոքյանը համայնքների ղեկավարներին և ԱԺ պատգամավորներին հրավիրեց խորհրդակցության:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը