Վազգեն Սարգսյանի կերպարը պետք է օրինակ հանդիսանա բոլորի համար. Սեյրան Օհանյան
Հայաստան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ քաղաքական, հասարակական գործիչները Եռաբլուրում ծաղիկ խոնարհեցին երջանկահիշատակ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Մարտի 5-ին Սպարապետի ծննդյան օրն է, նա այսօր կդառնար 57 տարեկան: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն ունենալու համար պետք է հնարավորինս համատեղել ջանքերը:
«Հայ ժողովուրդը, իշխանությունները բարձր են գնահատում նրա ներդրումը մեր երկրի կայացման, Արցախի ազատագրման, Արցախի կայացման գործընթացներում: Եվ յուրաքանչյուր հայ պարտավոր է ուղղակի հիշել ու հարգել Սպարապետի հիշատակը: Մեր ապագա սերունդը թող հիշի, որ ունեցել ենք նման գործիչ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ մեծ է Սպարապետի ավանդը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: «Կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի կերպարը պետք է օրինակ հանդիսանա բոլորի համար: Մենք պետք է նրա պատգամները կիսատ չթողնենք: Այն արդյունքը, որ ունեցել ենք նրա հետ մեր ղեկավարման ընթացքում, պետք է որոշակի հենք հանդիսանա, որ կառուցենք մեր ապագան»,- ընդգծեց նախարարը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը