Մենք երրորդ անգամ փորձելու ենք ժողովրդին մոբիլիզացնել. Ժիրայր Սէֆիլյան
Քաղաքական
Մենք երրորդ անգամ փորձելու ենք ժողովրդին և ընդդիմադիր քաղաքական ուժերին մոբիլիզացնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանը։
«Մեր կողմից երկու անգամ փորձը կատարվել է: Այժմ մենք պատրաստվում ենք երրորդ փորձն իրականացնել։ Այսօր, ինչպես գիտենք, ընդդիմադիր դաշտը միավորված չէ։ Ես կարծում եմ՝ մեկ անգամ ևս մենք պետք է փորձը կատարենք մեր տրամաբանության շրջանակում։ Այդ ուժերն իրենց հնարավորությունները պետք է մեկտեղեն։ Դա նոր մոբիլիզացիայի խթան է առաջացնելու։ Միայն այն հանգամանքը, որ տարբեր ուժերի մարդկային և նյութական ռեսուրսը մեկտեղվելու է մեկ նպատակի համար, մեծ օգուտ է բերելու մոբիլիզացիային: Այդ ուժերն այսօր շատ չեն, բոլորիդ ծանոթ են՝ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանը՝ իր «Քաղաքացիական պայմանագրով, Աշոտ Մանուչարյանը՝ իր նախաձեռնությունով և քաղաքացիական սեկտորը։ Այս ամբողջի միավորումն առաջիկա օրերին մենք նորից փորձելու ենք սկսել»,- ներկայացրեց Ժիրայր Սէֆիլյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հատվածի հետ բանակցությունների ընթացքը չպետք է երկար տևի։ «Ես կարծում եմ՝ դա պետք է լինի շաբաթների հարց։ Գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց շրջելով՝ մարդկանց նորից պետք է հրապարակ բերել և մոբիլիզացիան հաջողել։ Բայց եթե դա ձախողվի, չպետք է վերածել ողբերգության և կարծել, որ էլ հնարավոր չէ ժողովրդին մոբիլիզացնել։ Ոչ մի խնդիր չկա, որի լուծումը գտնել հնարավոր չէ։ Ես իմ պատկերացումներն ունեմ, թե ինչպես պետք է դա տեղի ունենա։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի հրեշի հետ գործ ունենք, և ինչի են ունակ։ Մարտի 1-ը փաստն է։ Վերջին անգամ մենք առողջ ուժերի հետ պետք է մոբիլիզացնենք ժողովրդին»,- ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը։
Սէֆիլյանը հավելեց՝ եթե իրենց այս քայլն ընդդիմադիր գործընկերների կողմից դրական չընդունվի, իրենք ձեռքները ծալած չեն նստելու և իրենց քայլը կատարելու են։ Սակայն, ՀԽ նախագահը չմանրամասնեց, թե ինչ քայլ են կատարելու։
Քրիստինա Աղալարյան


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը