Նախարարը Արարատում և Արմավիրում հետևել է ցրտահարությունների դեմ իրականացված աշխատանքներին
Հասարակություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում' ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարության, գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների և մարզպետարանների մասնագետները:
Տեղերում այգեգործները հիմնականում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին կատարել մասնագետների կողմից տրված ցուցումներին համապատասխան' սպասվող ցրտահարության հետևանքները մեղմելու համար:
Մասնավորապես Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս տարի ավելի լավ են նախապատրաստվել ցրտահարության դեմ պայքարին, բացի այդ նաև ավելի ակտիվ համագործակցություն է եղել նախարարության մասնագիտական կառույցների հետ: Նա նաև նշել է, որ համայնքում ծիրանենու այգիները կազմում են մոտ 350 հեկտար, 2015 թվականին համայնքում ստացել են մոտ 800 տոննա ծիրանի բերք, որի զգալի մասն արտահանվել է:
Ցրտահարության դեմ պայքարի միջոցներ կիրառելու նպատակով գյուղացիները իրականացրել են ինչպես ավանդական միջոցառումներ' ծխահարություններ և ոռոգում, այնպես էլ նոր մեթոդներ: Մասնավորապես Այգեպատ համայնքում այգեգործ Ռաշիդ Խաչատրյանն այս տարի արտերկրում կիրառվող մի մեթոդ է փորձարկել, որի մասին տեղեկացել է հեռուստաեթերից նախարարության մասնագետներից: Ըստ այդմ' ծաղկած ծիրանենիներն անձրևացման միջոցով ցողապատում են և երբ ջերմաստիճանը 0-ից նվազում է, ծաղիկները պատվում են սառցե կեղևով, բյուրեղացման ընթացքում ջերմություն է անջատվում, դրանք մեկուսանում են շրջապատից, ինչն էլ օգնում է պաշտպանվել ցրտահարությունից: Նախարարության մասնագետները դիտարկել են կատարված աշխատանքները և տվել լրացուցիչ խորհուրդներ ու ցուցումներ:
Շրջայցի ճանապարհին նախարար Կարապետյանը կանգառներ է կատարել մարզերի գրեթե բոլոր համայնքներում, հանդիպել ու զրուցել այգեգործների հետ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը