Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն այսօր կդառնար 108 տարեկան
Այլ
Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանը, ում շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր, այսօր կդառնար 108 տարեկան:
Վազգեն Առաջինը (ավազանի անունը' Լևոն Կարապետ) նախնական կրթությունը ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա շարունակել Բուխարեստում: Նա Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է:
1943 թ. սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ կաթողիկոսը մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա թեմի առաջնորդ: 1948 թ. մայիսի 23-ին Սբ. Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ. մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ. դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:
1955 թ. ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Մայր տաճարի շրջակաքում կառուցվել են Նահատակաց հուշարձանը, Խրիմյան Հայրիկին նվիրված աղբյուր-կոթողը, Գալուստ Գյուլբենկյան վանատունը, Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը, ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Մայր աթոռի տպարանը:
1962 թ. Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ապա՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ:
1992 թ. մայիսի 28-ին Վազգեն Ա կաթողիկոսը հատուկ կոչով դիմել է Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներին' սատարելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը:
2008 թ. «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» մատենաշարով լույս է տեսել «Վազգեն Ա Պալճյան. Ամենայն հայոց կաթողիկոս» փաստաթղթերի և վավերագրերի ժողովածուն:
Վազգեն Ա-ն պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո Կյուրիի անվան և Խաղաղության պաշտպանության կոմիտեի ոսկե մեդալներով, Ռումինիայի «Հանրապետության աստղ», ԽՍՀՄ «Պատվո նշան» և «Ժողովուրդների բարեկամություն» շքանշաններով:
Վազգեն Ա-ն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ՀՀ-ում առաջինն է արժանացել Ազգային հերոսի կոչմանը: Վազգեն Ա-ի անունով կոչվել են Սևանի հոգևոր դպրանոցը և դպրոց' Վանաձորում, հուշարձաններ են կանգնեցվել Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում և Մայր աթոռ Սբ. Էջմիածնում:
2008 թվականի մայիսի 12-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 168 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ