ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատում «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի քաղաքական գործունեությունը
Քաղաքական
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին եւ նրան ուղեկցող անձանց:
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի հետեւողական քաղաքական գործունեությունը, ինչպես նաեւ վերջին շրջանում ակտիվ աշխատանքները՝ մշակույթի եւ հումանիտար ոլորտներում:
Իր հերթին Ֆրանսուա Ռոշբլուանը նույնպես ընդգծել է մշակութային կապերի, Արցախում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսախոսության զարգացման կարեւորությունը, որը լուրջ խթան է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ:
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահը հետաքրքրվել է սահմանին տիրող իրավիճակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացով:
Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների մասնակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ոլորտների եւ բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ