Այս կառավարությունը չի սիրում պատասխանատվություն ստանձնել. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
Կառավարությունը որևէ հեռանկար ու տեսլական ցույց չի տալիս: ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով կառավարության փոփոխություններին ՝ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Գործ ունենք մի կառավարության հետ, որը չի սիրում պատասխանատվություն ստանձնել և հեռանկար առաջարկել ժողովրդին»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ դրա վառ ապացույցն են Կառավարության այն հայտարարությունները, թե թոշակները չեն բարձրացվի, կամ՝ «չգիտենք, թե ինչպես ենք պրոֆեսիոնալ կառավարիչներ բերելու առանց համապատասխան վարձատրության»:
«Եթե կառավարությունը պատասխանատվություն է ստանձնում, պետք է ասի՝ ինչ է պատրաստվում անել, ինչ վիճակի է պատրաստ հասցնել սոցիալ-տնտեսական դրությունն իրենց կառավարման ընթացքում, բայց ասում է՝ ոչ, չեմ բարձրացնում: Կարող էր չէ՞ ասել, թե երբ թոշակների միջին չափը կբարձրացվի սպառողական զամբյուղի գնին, կարող էին ասել՝ 3, 5, 2 տարում, բայց նրանք որևէ ուղենիշ չեն ասում։ Միակ բանը, որ այսօր հասանելի է, այն է, որ թոշակներն առայժմ չեն բարձրանա: Սա պատասխանատվությունից խուսափելու ձև է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ կառավարության լուրջ քայլերը դեռևս տեսանելի չեն, իսկ Կարեն Կարապետյանի առաքելությունն, ըստ նրա՝ դժգոհության ալիքը մեղմելն է. «Սուրիկ Խաչատրյանին հեռացնելով ուզեցին «ռեժիմի» համար ավելի մարդկային դեմք ստեղծել, իսկ ավելի լուրջ քայլեր մենք դեռ չենք տեսնում: Կարեն Կարապետյանի առաքելությունն էլ միգուցե այն է, որ ընտրություններից առաջ սոցիալական դժգոհությունը և լարվածությունը մեղմեն, և բնական է, որ նման քայլերը բավականին ժամանակավոր սահմանափակ արդյունքներ են տալիս. մարդիկ սիրում են գոնե կադրային փոփոխություններ»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ