Ես ոչ մի խնդիր չունեմ, մաքուր եմ աշխատել. Մամիկոն Ասլանյան
Քաղաքական
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նորանշանակ մարզպետի հետ աշխատելու մեջ, մենք դեռ միմյանց հետ նորմալ շփման մեջ էինք իր փոխմարզպետ եղած ժամանակվանից»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ով իր աշխատանքը գերազանց չի գնահատում:
Քաղաքապետի համոզմամբ, իրենք առաջիկայում ավելի լավ հարաբերությունների մեջ կլինեն միմյանց հետ, քանի որ երկուսի խնդիրն էլ «ժողովրդի շահն առաջ տանելն է»:
«Քաղաքապետն ավելի շատ քաղաքի տնտեսությունն է ղեկավարում և քաղաքապետարանի շենքում նա երբևէ չպետք է զգա՝ կուսակցական է, թե՝ ոչ, կամ որ կուսակցության ներկայացուցիչ է»,-նկատեց Մամիկոն Ասլանյանը:
Իսկ թե կա՞ն արդյոք մտավախություններ՝ կապված նոր մարզպետի հետ, քանի որ վերջինս եկել է հեղափոխական ոգով և նորանոր բացահայտումների ակնկալիքներով, ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Ես ոչ մի խնդիր չունեմ և չեմ էլ ունենա, քանի որ աշխատել եմ մաքուր և կշարունակեմ այդպես էլ աշխատել: Ես վաղուց եմ ճանաչում նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք»:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը Լոռու մարզպետ նշանակեց նախկին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանին:
Արմինե Միքայելյան


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել