Ովքե՞ր կկազմեն նոր ԱԺ-ի մեծամասնությունը. կշահե՞նք, թե՞ կկորցնենք
Քաղաքական
Ազգային ժողովը երեկ իրավունքի ուժով ցրվեց և արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մեկնարկն ու ընթացակարգի ժամանակացույցը:
Շատերն արդեն նորընտիր ԱԺ-ում տեղաբաշխում են քաղաքական ուժերին՝ առաջին հորիզոնականում դնելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմին: Սակայն ստեղծվում է հետևալ իրավիճակը՝ ԱԺ-ում մեծամասնություն են կազմելու Փաշինյանի թիմի անդամները, որոնք նվազագույնը փորձառությամբ բավականին զիջում են նախորդ կադրերին:
Որքան էլ էյֆորյայի տակ մնացած «ժողովուրդը» անթերի համարի Փաշինյանի թիմի ներկայացուցիչներին, միևնույնն է իրականությանը բաց աչքերով պետք է նայել: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ փորձառությունը պարզապես ժամանակի խնդիր է:
Մեր այն դիտարկմանը, թե այդ նոր կադրերի՝ ԱԺ մտնելն ու ժամանակի ընթացքում փորձառություն ձեռք բերելը մի՞թե լավ կանդրադառնա պետության վրա, քանի որ պատգամավորի մանդատը գրասենյակային աշխատողի գործ չէ, որ փորձ ձեռք բերելը չերևա ոչ ոքի վրա, քաղաքագետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա վնաս կտա պետությանը, և որ գլխավոր խնդիրն է: Այո՛, դա խնդիր է, դա բոլորիս խնդիրն է և դա բոլորիս կողմից հաղթահարելիք խնդիր է»:
Իսկ թե որն է լինելու Փաշինյանի քայլը տվյալ խնդիրը վերացնելու համար, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ընգծեց. «Փաշինյանը պետք բարեփոխումներ իրականացնի և պետությունը մաքրի քաղաքական աղբից, և 5-ամյա մանդատ ստանալուց հետո Փաշինյանը կունենա այդ հնարավորությունը»:
Այս պատկերը երևացել է նաև նորաստեղծ կառավարության ղեկավարման ժամանակաշրջանում և, այս առումով ևս քաղաքագետը մեզ հետ համամիտ է, սակայն նշում է, որ բացերը ժամանակի ընթացքում կարելի է լրացնել:
«Իհարկե, նոր ձևավորված կառավարությունում բացթողումներ եղան: Եկեք հաշվի առնենք, որ կառավարությունը ամենօրյա ռեժիմով գործելու է սխալներ, և դա նորմալ է, սակայն կարևորն այն պետք է լինի, թե սեփական սխալի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվելու»,-ասաց մեր զրուցակիցը:
Իսկ վերջում մեր այն հարցին, թե բավարա՞ր է արդյոք նախընտրական քարոզարշավի համար սահմանված 11 օրը, քաղաքագետը վստահեցրեց, որ շատ նորմալ ժամկետ է, քանի որ, ըստ նրա, ժողովուրդն արդեն կողմնորոշված է...
Արմինե Միքայելյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)