Մենք մրցակցության մեջ հաղթող ենք դուրս գալու․ «ՔՈ»
Քաղաքական
Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը քաղաքական 10 ուժերի հետ միասին կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին և, չնայած նրան, որ թիմը կազմված է հանրությանն անծանոթ դեմքերից, այնուամենայնիվ, շատ վճռական են տրամադրված։
Կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում վստահեցրեց, որ շատ կարճ ժամանակահատվածում կկարողանան մարդկանց իրազեկել և մոբիլիզացնել ինչ-որ բանի շուրջ։
«Նախընտրական քարոզարշավի համար նախատեսված 12 օրը բավականին քիչ է հանրության հետ ծանոթանալու համար։ Ինչ վերաբերում է ընտրությանը, մեզ միանշանակ պետք է ճանաչեն, որ կարողանան քվե տալ»,- ասաց «ՔՈ» կուսակցության անդամը։
Սահակյանը վստահություն հայտնեց, որ իրենց նորաստեղծ և հանրության մոտ ոչ այնքան ճանաչված կուսակցությունը կդիմանա մյուս 10 քաղաքական ուժերի հետ մրցմանը։
«Ավելին կարող եմ նշել՝ մենք այդ մրցակցության մեջ հաղթող ենք դուրս գալու։ Կարող է մեծամասնություն չձևավորենք, բայց վերջում ինչ-որ մրցանակի արժանանալու ենք»,- ընդծեց Սուրեն Սահակյանը և հավելեց, որ ժողովրդից ակնկալում են ընտրություն՝ հիմնված գաղափարների վրա։
Վերջում «ՔՈ» կուսակցության ներկայացուցիչը թվեց նաև խորհրդարան անցնելու հիմնական նպատակներն ու առաջնակարգ խնդիրները․ դրանք են՝ սահմանադրական կարգի հաստատումը, ուղիղ ժողովրդավարությունը, հանրային բարեկեցության պետությունը և սոցիալական արդարության հաստատումը։
Արմինե Միքայելյան


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել