2020 թ. պետական բյուջեն ամենևին հեղափոխական չենք համարում․ Միքայել Մելքումյան
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության կողմից ներկայացված 2020 թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական չի համարում:
Այս մասին նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«2020 թ. պետական բյուջեն ամենևին հեղափոխական չենք համարում, և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս բյուջեով մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացել են: Այս բյուջեով տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- ասաց Մելքումյանը:
Անդրադառնալով համախառն ներքին արդյունքի աճին, պատգամավորը հաստատեց, որ նախորդ տարիների համեմատ ՀՆԱ-ի աճ ոչ թե չի եղել, այլ ցուցանիշը նվազել է:
«Գանք հիմնական ցուցանիշին՝ Համախառն ներքին արդյունքի աճը 4.9 տոկոս է, ինչ է սա նշանակում, այս ցուցանիշը նահանջ է արձանագրում նախորդ տարիների համեմատ: Այս ցուցանիշը չի ապահովում բնակչության կենսամակարդակի, մեր պաշտպանության համակարգի համապատասխան երաշխիքների, ինչպես նաև, այն սոցիալական ծրագրերի իրականացումը, որոնք պետք է իրականացվեն»,-ասաց Մելքումյանը:
Մելքումյանն արձանագրեց, որ ինչքան էլ կառավարությունն ասի, թե տարբեր ոլորտներում որոշակի աճ է գրանցվել, միևնույնն է, գրանցված աճը խիստ անբավարար է: Պատգամավորն անդրադարձավ նաև կառավարության բյուջետային մեծ խնայողություններին:
«Այս տարի ստացվում է, որ պետական նախատեսված ծախսերը եղել են 221 մլրդ դրամ, սակայն ընդամենը ծախսվել է 89 մլրդ դրամ: Կառավարությունը փաստորեն տեղ չի գտնում ծախսեր անելու: Փաստորեն մեզ ժամանակին փող էր անհրաժեշտ, հիմա էլ փողը կա, ոլորտ չենք գտնում ծախսելու: Այս գումարները պահում են, որ դնեն Կենտրոնական Բանկի հաշվին, որ համապատասխան ավանդային կամ դեպոզիտային տոկոս ստացվի: Եղբայր, եթե երկրում տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, մենք ուզում ենք տնտեսական հեղափոխություն անել, մի կողմից պետական բյուջեի մեջ դրած փողը չենք կարողանում ծախսել, մյուս կողմից լրացուցիչ հարկերը, որ հավաքել բերել ենք բյուջե գումարում ենք իրար, տանում դնում ենք ԿԲ-ում: Անհասականլի է՝ բիզնեսի ոլորտ չկա, որի մեջ կարելի է ներդրում անել, այդ փողը ծախսել»,-ասաց Մելքումյանը:
Ազգային ժողովը 2020 թ. պետական բյուջեի նախագիծը կքննարկի նոյեմբերի 12-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստերի ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն