Շիրակի մարզպետը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել
Քաղաքական
Շիրակի մարզպետը Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու երկրորդ որոշումն է ստորագրել: Այս մասին մարտի 7-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետը` նշելով, որ ինքը երկրորդ գրություն է ստացել դատախազից:
Երկրորդ գրությունն եմ ստացել դատախազից՝ մտահոգություններով, նաև այս ընթացքում հանդիպել ենք թե դպրոցական անձնակազմի, թե ծնողների հետ: Մտահոգությունները բավականին խորքային են, որևէ անձնական կոմպոնենտ չկա: Քաղաքական կոմպոնենտ առավել ևս չկա, որովհետև ես ընդամենը 2 օր առաջ եմ բացահայտել, որ տիկինը կուսակցության ներկայացուցիչ է: Ես տեսել եմ մտահոգություն և դրանով պայմանավորված երեկ ստորագրել եմ ազատելու որոշումը:
Ես անձնական որևէ խնդիր չունեմ Մեսրոպյան մարդու հետ, ես խնդիր եմ տեսնում գործատու-աշխատող հարաբերությունների տիրույթում և ինձ համար առաջնահերթությունը այդ միջավայրում կրթության որակի և շարունակականության ապահովման մոտեցումն էե, - նշեց Տիգրան Պետրոսյանը:
Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, ով 2019 թվականի փետրվարին մարզպետի որոշմամբ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, մեկ տարի անց՝ փետրվարի 25-ին, դատարանի որոշմամբ վերականգնվել էր իր պաշտոնում: Սա առաջացրել էր դպրոցական հանրույթի դժգոհությունը և նրանք բազմաթիվ դիմումներ էին ներկայացրել թե Շիրակի մարզպետին, թե մարզի դատախազին: Դպրոցի տնօրենին նաև մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու, գումարների հափշտակման համար: Այս մասով քրեական գործն արդեն դատարանում է:
Հենց դատական նիստի ժամանակ էլ մեղադրող դատախազները միջնորդեցին փոխել մեղադրյալ Նարինե Մեսրոպյանի խափանման միջոցը և կիրառել կալանավորում: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Իսկ նիստի հաջորդ օրը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ստորագրել է տնօրենին աշխատանքից ազատելու նոր որոշումը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ