«Հրապարակ»․ Արցախում ընտրությունները կկայանան
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախյան ընտրությունների հարցում, ի տարբերություն հայաստանյան զարգացումների, կասկած չկա՝ թե՛ արցախյան իշխանությունների, թե՛ թեկնածուների կարծիքը միանշանակ է. չնայած թեկնածուները քարոզարշավի իրենց գրաֆիկներում որոշակի փոփոխություններ են մտցրել` բացառելով փակ տարածքներում հանդիպումները, ընտրությունները չեն հետաձգվելու։
«Ընտրություններին մնացել է ընդամենը 15 օր, կորոնավիրուսի որեւէ դեպք մենք Արցախում չունենք, ուստի օրակարգում նման հարց դեռեւս չկա, այլ բան է, որ միջոցներ են ձեռնարկում ոչ միայն կորոնավիրուսի արգելման, մինիմալիզացված շփումների, հանդիպումների հետ կապված, այլեւ հանդիպումները տեղափոխվում են առավել օպտիմալ` օնլայն մակարդակ»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:
Ի դեպ, այնտեղ գտնում են, որ, ըստ անհրաժեշտության, իրենց մոտ եւս կարող են արտակարգ դրություն հաստատել` ընտրությունները հավուր պատշաճի, վերահսկողությամբ իրականացնելու համար: «Կոնտրոլ պունկտերո՞վ»։ «Եթե բանը հասնի դրան, ձեւը կորոշենք՝ ԿԸՀ-ն արդեն կազմակերպչական աշխատանքներ է տանում, որպեսզի ընտրությունների օրը ընտրատեղամասերում մասնակիցների կուտակումներ չլինեն, ամեն բան ախտահանված, անվտանգության նորմերին համապատասխան լինի»: