«Հրապարակ». Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ ՀՀ-ում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատություններն ու իրավունքները մեր երկրում՝ օգտվելով համաճարակային իրավիճակից։
Մինչդեռ տարբեր միջազգային կառույցներից հորդորներ են հնչում՝ չնահանջել դեմոկրատիայից եւ չսահմանափակել քաղաքացիական իրավունքներն ու խոսքի ազատությունը։ Օրեր առաջ նման հորդորներ է հնչեցրել նաեւ ՄԱԿ-ը, որ «կորոնավիրուսի հակազդման ցանկացած արտակարգ միջոցառումները պետք է լինեն համաչափ, անհրաժեշտ եւ ոչ խտրական»։
Իսկ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների։ Այն չպետք է գործի՝ թաքցնելու համար առողջապահության անվան տակ կատարվող ռեպրեսիվ գործողությունները կամ ճնշելու իրավապաշտպանների աշխատանքը։
«Վիրուսին հակազդելու համար նշանակվող սահմանափակումները պետք է հիմնված լինեն հանրային առողջապահության իրավաչափ նպատակների վրա եւ չպետք է օգտագործվեն՝ պարզապես այլախոհությունը ճնշելու համար»։