«Հրապարակ». Այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է։ Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել։ Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել՝ հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան։ Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան։ Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում։ Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի եւ հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը։ Պաշտպանության նախարարության լրատվականից պաշտոնապես չմեկնաբանեցին կատարվածը, սակայն նախարարությունից հաստատեցին լուրը։ Փոխանցեցին, որ հակառակորդը կրակել է խոշոր տրամաչափի, հաստոցավոր գնդացրից (Դե-Շե-Կա), վարորդները հասցրել են հեռանալ, իսկ մեքենաները լիովին այրվել են եւ այլեւս օգտագործման ենթակա չեն»: