«Մեր պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ է». Ռոջավայում ադրբեջանցի և հայ մարտիկները հանդես են եկել տեսաուղերձով
ԱյլՀյուսիսային Սիրիայում` Ռոջավայում, հայ և ադրբեջանցի մարտիկները հանդես են եկել տեսուղերձով, որում դատապարտել են «ֆաշիստական Թուրքիայի կողմից Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ պլանավորված կոտորածը»: Տեսանյութը հրապարակել է anfenglishmobile.com կայքը:
Տեսաուղերձում ազգությամբ ադրբեջանցի և հայ մարտիկներն արձագանքել են Թուրքիայի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հրահրմանը. «Թուրքիան շարունակում է թշնամություն տարածել հայ ժողովրդի նկատմամբ: Մեր պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ է»,- նշում են նրանք` ընդգծելով` «Մենք թշնամություն չունենք Ադրբեջանի խաղաղ ժողովրդի դեմ» :
Տեսաուղերձում նրանք նաև կոչ են անում թուրք ժողովրդին «չհավատալ իմպերիալիստ և ֆաշիստ իշխանության կեղծ ու մոլորեցնող խոսքերին»:
«Թուրքական ռեժիմը Իդլիբում գտնվող վարձկաններին ուղարկում է Ադրբեջան` պայքարելու Հայաստանի դեմ: Ադրբեջանի ժողովուրդը չպետք է ընդունի ֆաշիստական խմբավորումներին: Նրանք խաղաղության և ազատության համար չեն գալիս Ադրբեջան: Նրանց նպատակը գողությունն ու թալանն է: Ադրբեջանի ժողովուրդը չպետք է հավատա ֆաշիստական խմբավորմանը: Թուրքիայի ֆաշիստական պետությունն «Օսմանյան երազանքներ ունի»»,- ասում են մարտիկները: