Դե՛մ են մահապատժին․ ՔՊ-ական պատգամավորները՝ Արթուր Դավթյանի առաջարկի մասին
ԻրավունքԵրկու շաբաթից պաշտոնավորությունն ավարտող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկությունը՝ պետական դավաճաններին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հանրային լայն քննարկումների առարկա է դարձել։
Մասնագիտական հանրույթն, օրինակ, անընդունելի է համարում այդ առաջարկությունը՝ նշելով, որ դա դեմ է ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորություններին, մարդու կյանքի իրավունքին և այլն։
Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Դավթյանի նախաձեռնությանը, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց․
«Սկզբունքորեն դեմ եմ այդ առաջարկին։ Կարծում եմ, մահապատիժը շատ հեշտ պատիժ է դավաճանների համար։ Նրանք պետք է ապրեն, տառապեն՝ ամբողջ կյանքում գիտակցելով իրենց արարքի ստորությունն ու կրելով դավաճանը խարանը»։
Իշխող կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեմ է այդ առաջարկությունը, սակայն չբացառեց, որ առաջիկայում քննարկում կունենան և ավելի հանգամանալից կծանոթանան հարցին։
Արա Ալոյան