Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություն
ՀասարակությունԲնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Հերթական դեպքը, որ վերաբերում է կեղծ ալկոհոլային խմիչքներ պատրաստելուն, բացահայտել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։
Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։ Տեղեկությունները բազմակողմանի ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին այդ տներ։ Տեղեկությունները ճիշտ էին։
Զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։
Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։