Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
ԻրավունքԶինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում համածառայակցին մեղադրանք է ներկայացվել, վերջինս կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը․
«2023թ. հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են»: