Մհեր Գրիգորյանը Իտալիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը
ՀայաստանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ առկա է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է համատեղ ջանքեր գործադրել: Իտալիայի դեսպանն անդրադարձել է երկու երկրների միջև մշակութային ոլորտում առկա համագործակցությանը, խոսել երկու բարեկամ ժողովուրդների ընդհանրությունների մասին, որը կարող է հիմք հանդիսանալ նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տուրիզմի զարգացման հնարավորությունների և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իտալական կազմակերպությունների ներգրավման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: