«Հրապարակ». Որոշ խաղաղապահներ սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս է, ինչ Լաչինի միջանցքը փակ է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, եւ չնայած միջազգային հանրության հորդորներին, տեսանելի չէ, որ մոտ ապագայում այն կբացվի: Թեպետ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունեն պարտավորություն միջանցքի պատշաճ վերահսկողություն իրականացնելու եւ անվտանգ ու անարգել երթեւեկություն ապահովելու ուղղությամբ, սակայն փաստացի քայլեր չեն ձեռնարկում ճանապարհը բացելու համար: Փոխարենը փորձում են ապահովել Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը, որ սով կամ հակասանիտարական վիճակ չսկսվի:
Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ խաղաղապահներ նաեւ սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա եւ բեռների մի մասը տեղափոխում են համապատասխան վճարի դիմաց: Ընդ որում, ախորժակն էլ փոքր չէ` մեկ ֆուռ տեղափոխելու համար մինչեւ հազար դոլար փող են վերցնում հայերից` տնտեսվարողներ, բարերարներ, մարդիկ, ովքեր փորձում են արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել: Գումարի չափը տարբեր դեպքերում տարբեր է` 20 հազար դրամից մինչեւ մի քանի հարյուր հազար դրամ՝ կախված ապրանքների գնից ու քանակից»: