«Ժողովուրդ». Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը դիմել է քաղաքական իշխանությանը՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու ու նրա նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով: Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանը գրեթե մեկուկես տարի է` գտնվում է կալանքի տակ, թեեւ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ Վիլեն Գաբրիելյանն ու նախկին նախարարը բարեկամներ են, եւ պատգամավորն այդպես վարվելու պատճառներ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունն անձամբ պարզել՝ հենց Վիլեն Գաբրիելյանից, թե նա կոնկրետ ում է դիմել՝ ՀՀ վարչապետի՞ն, միգուցե Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՞ն, կամ միգուցե ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՞ն, ինչին ի պատասխան նա հայտնեց. «Ինչ կա, հրապարակային դաշտում ասել եմ։ Ես ոչ մեկին նրա հարցով չեմ դիմել»։
Այսինքն՝ հրապարակավ չխոստովանեց, որ դիմել է Տոնոյանին ներելու խնդրանքով, բայց իրականում դիմել է»: