ԱՄՆ-ն 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները, նպատակը «սիրիացիների կյանքերը փրկելն է»
ԱՄՆՍիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը։ Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ փետրվարի 9-ի հրապարակված լիցենզիան։
«ԱՄՆ Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը հրապարակել է Սիրիայի թիվ 23 ընդհանուր լիցենզիան, որը 180 օրով թույլ է տալիս իրականացնել երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին՝ համաձայն Սիրիայի դեմ պատժամիջոցների կանոնակարգիե, - նշված է փաստաթղթում:
Ֆինանսական գերատեսչությունը պարզաբանել է, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։
«Մինչ օտարերկրյա դաշնակիցները և հումանիտար ոլորտի գործընկերները համախմբում են ուժերը տուժածներին օգնելու համար, ես ցանկանում եմ հստակեցնել, որ ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայում չեն խոչընդոտի սիրիացիների կյանքերը փրկելու ջանքերին», - հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն:
Լիցենզիան չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։