ՀՀ-ն պատրաստ է զարգացնել կապերը Լիտվայի հետ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում․ ՀՀ նախագահ
ՀայաստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստակամ է զարգացնելու և ամրապնդելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հայ-լիտվական հարաբերություններում առկա է բարձր մակարդակ, որը հիմնված է մեր ժողովուրդների բարեկամական ամուր կապերի վրա։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի առավել խորացնել և ընդլայնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։