Կենցաղային հարցերի շուրջ վեճը վերածվել էր դանակահարության
ՀասարակությունՀունվարի 20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Էջմիածնի 51-ամյա բնակչի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս:
Արմավիրի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին հիվանդանոց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ կեսգիշերն անց Արմավիրի Երևանյան փողոցի գիշերային ակումբներից մեկի մոտ մայրաքաղաքի 31-ամյա և Արմավիրի 28-ամյա երկու բնակիչ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին տուժածի հետ, ինչից հետո 31-ամյա տղամարդը կտրող-ծակող առարկայով խփել էր 51-ամյա էջմիածինցուն:
28-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տեղափոխվել Արմավիրի մարզային քննչական վարչություն, իսկ տուժողին վնասվածքներ հասցրած տղամարդուն Արմավիրի ոստիկանները հայտնաբերեցին փետրվարի 14-ին։ Նա Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասում ձերբակալվեց ու տեղափոխվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: