Բայրամովը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանն անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
ԱդրբեջանԱդրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից և վերադառնա բանակցային սեղան»։
Ադրբեջանի արտգործնախարարը տեղեկացրել է նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու «Ադրբեջանի նախաձեռնության» և այդ ուղղությամբ երկրի «ջանքերի» մասին։
Կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտներ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը և Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։
Բայրամովը և Դոքերթին մտքեր են փոխանակել նավթի, գազի, ներդրումների, առևտրի, տրանսպորտի, կանաչ էներգիայի, կրթական և հումանիտար ոլորտներում Բաքվի և Լոնդոնի համագործակցության հեռանկարների շուրջ։
Դոքերթին «Բրիտանական արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» միջոցառման ժամանակ ասել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանին տրամադրել է ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսական օգնություն՝ «ազատագրված ադրբեջանական տարածքների» (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքները - խմբ․) ականազերծման համար։