Հայտնի լողափում հայտնաբերված «մատը» ցանկացել են վաճառել համացանցում
ԱյլԱվստրալիայի Քվինսլենդ նահանգի հայտնի լողափերից մեկում գտնված մարդկային «կտրված մատը» վաճառքի է հանվել՝ սոցիալական ցանցերում առաջացնելով էմոցիաների փոթորիկ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Լողափի սիրահար Թամմի Թրելֆոլը արյունոտ և կտրված մարդկային մատի լուսանկար է ստացել ընկերոջից, ով այն գտել էր Պորտ Դուգլասի Չորս մղոն լողափում՝ Քվինսլենդի ամենահայտնի ափին: Աղջիկը համապատասխան նկարը տեղադրել է Facebook-ի առևտրային հարթակի խմբում։
Ավստրալուհին առաջարկել է օգտատերերին տարօրինակ գտածոն գնել 1111 դոլարով, սակայն խմբի անդամները նրան կասկածել են խարդախության մեջ և աղջկան խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն՝ վերջույթը դատաբժշկական փորձաքննության տալու համար։ Արդյունքում, Թրելֆոլը գնացել է լողափ, գտել մատը և հաստատել օգտատերերի կասկածները. գտածոն, պարզվել է, իրատեսական ռետինե կրկնօրինակ էր։
Աղջիկը, ի պաշտպանություն իրեն, ասել է, որ իր ընկերը սխալվել էր, իսկ ինքը պարզապես ցանկացել էր զվարճանալ։