Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին՝ ազգային տոնի առթիվ
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Անցյալ տարի նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա: Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հետ գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելուն առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»: