Գյումրին մինչև 2027 թվականը պետք է տնակներից ազատենք. մարզպետ
ՀասարակությունՇիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը վստահեցնում է, որ Գյումրին մինչև 2027 թվականը տնակներից ազատելու համար աշխատանքներ են տարվում տարբեր հարթություններում, մարզպետն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով Գյումրիում առկա սոցիալական խնդիրների, աղքատության վերաբերյալ հարցին՝ մարզպետն ասաց, որ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, և, հետևաբար, սոցիալական խնդիրներ չէին կարող չլինել. «Երկրաշարժը, պատերազմը իրենց հերթին նպաստել էին սոցիալական խնդիրների ավելացմանը: Հիմա Գյումրին ծաղկուն քաղաք է: Եվ ես օր օրի տեսնում եմ, որ այդ սոցիալական խնդիրները նվազում են»: Անդրադառնալով տնակներին՝ Մուրադյանն ասաց, որ դրանք վերացվում են փուլերով: «Մենք մինչև 2027 թվականը պետք է Գյումրին տնակներից ազատենք»,-նշեց նա: Նա ընդգծեց՝ ամեն հնարավոր աշխատանքները պետք է անեն, որ կարողանան այդ հարցերը կարգավորել: