Փոխնախարարը ներկայացրել է հանցավորության կանխարգելման օրենսդրական բարեփոխումների ծրագրերը
ԻրավունքԱրդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է «Հանցագործությունների կանխարգելման պրակտիկայի և բարեփոխումների վերաբերյալ եվրոպական ու տարածաշրջանային միտումները և հնարավորությունները Հայաստանի համար» թեմայով համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։
Արա Մկրտչյանը ներկայացրել է հանցավորության կանխարգելման օրենսդրության և օրենսդրական բարեփոխումների հնարավոր ծրագրերը՝ կարևորելով համակարգային մոտեցումը, ինչպես օրենսդրական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, կազմակերպական և այլ համալիր միջոցառումների շրջանակում:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև հանցագործությունների կանխման համատեքստում նախարարության արդեն իսկ ձեռնարկած քայլերը՝ քրեական օրենսդրության բարելավման, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ:
Արա Մկրտչյանն իր ելույթն ամփոփել է՝ ընդգծելով հանցագործությունների կանխման տեսանկյունից առկա միջազգային միտումներն ուսումնասիրելու, դրանք ՀՀ-ում իմպլեմենտացնելու, գործնականում առկա բացերը վեր հանելու և ըստ այդմ՝ հստակ ճանապարհային քարտեզ ունենալու կարևորությունը: