Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում և տվել ցուցումներ
ՀասարակությունՓետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Զորամիավորման հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով: Նախարար Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար:
Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարը ծանոթացել է նաեւ նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին: