Մհեր Գրիգորյանը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը
ՀայաստանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ մարտի 3-ին, ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների հետ քննարկել է հետագա համագործակցության ձեւաչափը եւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից։
«Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարեւորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձեւավորումը եւ ողջունել այս ձեւաչափով համագործակցության հաստատումը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման եւ ակտիվ մասնակցության պարագայում՝ կարեւորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:
ԵՄ-ՀՀ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը եւ առաջիկա անելիքները»,- ասվում է հաղորդագրությունում: