Այսուհետ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար կլինի միասնական
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ մարտի 9-ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։
Ըստ հիմնավորման՝ քիչ չեն դեպքերը, որ որոշ համայնքային արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողները վարձատրվում են ոչ թե շաբաթական, այլ խմբերի կամ երեխաների քանակի հիմքով։
Վիճակագրության համաձայն՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը ք. Երևանում, իսկ մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում: Արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածության համար անհրաժեշտ է ապահովել մեկ միասնական մոտեցում, հստակ սահմանելով 1 դրույքաչափի համար նախատեսված ծանրաբեռնվածությունը, որը ուղիղ կապ ունի նաև վերջիններիս վարձատրության և աշխատանքի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացների հետ։