Կառավարությունում քննարկվել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովման հետ կապված հետագա քայլերը
ՀայաստանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կառավարությունում խորհրդակցություն են անցկացրել Երևանում գտնվող բենզալցակայանների և դրանց տեղակայման վայրերի հետ կապված հրդեհային ու տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի շուրջ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են ոլորտի պատասխանատուները և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները:
«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել 209 բենզալցակայաններում նախնական ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ստացված եզրակացությունների մասին:
Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ ընդգծվել է միջազգային ընդունված նորմերը, լուծման հնարավոր տարբերակներն ու այլընտրանքային եղանակներն ուսումնասիրելու անհրաժեշտությունը»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Տիգրան Խաչատրյանի խոսքով, ոլորտում կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որպեսզի չանտեսվեն մարդկային կյանքին սպառնացող վտանգները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար լինեն հասկանալի և կիրառելի:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր հերթին կարևորել է բոլոր բնագավառներում սոցիալական պատասխանատվության հարցը և շեշտել, որ մարդու անվտանգությունը չպետք է լինի երկրորդ պլանում: