Փորձագետների թիմը պատրաստ է աջակցել Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու համար
ՀասարակությունՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մարտի 14-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Հաշվի առնելով Հայաստանի հետաքրքրվածությունը՝ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը 2027 թվականին՝ դիտարկվել են նման մասշտաբային միջացառումն անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Արմեն Ղուլարյանը նշել է, որ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ միասին Քաղաքաշինության կոմիտեն նույնպես մեծ պատասխանատվությամբ է մոտենում միջազգային կարևոր իրադարձությանը: Նա ընդգծել է միջոցառման ինչպես մարզական ու մշակութային բաղադրիչների անցկացման, այնպես էլ մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների ճիշտ ընտրության և բոլոր հարմարությունների ստեղծման կարևորությունը։
Քննարկվել են նաև հոբելյանական խաղերի անցկացման հնարավոր վայրերի օրինակներ: Կարևորվել է վերջին տարիներին միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ անցկացնելու Հայաստանի փորձը:
Զեյնա Մինան նշել է, որ այցի ընթացքում անձամբ է համոզվել, որ Հայաստանն ունի մարզական և մշակութային բարձրակարգ ենթակառուցվածքներ: Նա վստահեցրել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետների թիմը պատրաստ է աջակցել Հայաստանին կարևոր միջոցառման նախապատրաստման ընթացքում:
Կողմերը հանդիպումը գնահատել են արդյունավետ և անհրաժեշտ՝ Հայաստանի հնարավորություններն ու անելիքները հստակեցնելու տեսանկյունից: