2022-ին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 41․6 մլն դոլար
ՀասարակությունՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քայլերը, որոնց մասին է վկայում ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը։
Նա նաև արձանագրել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը․ եթե 2021 թվականին այն կազմել է 19 մլն դոլար, ապա արդեն 2022 թվականին այդ ցուցանիշը հասել է 41․6 մլն դոլարի։
Վահան Քերոբյանը նույնպես կարևորել է այս արդյունքը և ընթացիկ տարվա համար սահմանել առևտրաշրջանառության ավելի բարձր թիրախ։
Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները, պետության կողմից իրականացվող աջակցման գործիքները։
Անդրադարձ է կատարվել նաև Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը։