Բրազիլիայում հորդառատ անձրևների պատճառով` 39 մարդ է մահացել
ԼուսանկարներԲրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ցիկլոնը 39 մարդու կյանք է խլել, հայտնում է տեղական G1 պորտալը։ Եվս ինը բնակիչ համարվում է անհետ կորած։ 80 մունիցիպալիտետներում փրկվել է մոտ 2700 մարդ։ Ավելի քան 6 հազար մարդ անօթևան է մնացել փոթորկի պատճառով։
Ցիկլոնի հետևանքով առաջացած հորդառատ անձրևներից տուժել են ընդհանուր առմամբ 80 քաղաքներում։ Այն նաև հանգեցրել է գետերի՝ ափերից դուրս գալուն և հեղեղումների: Ժուպիայի մունիցիպալիտետում քամու արագությունը գերազանցել է 110 կմ/ժ-ը։ Տեղական իշխանությունները չեղարկել են Բրազիլիայի անկախության օրվա բոլոր շքերթները։
Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ռիո Գրանդե դու Սուլում ավելի առատ տեղումներ կլինեն։ Ինչպես նշում է Reuters-ը, կլիմայի փոփոխության պատճառով՝ տարածաշրջանում հորդառատ տեղումները դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ։ Դա պայմանավորված է նրանով, որ ավելի տաք օդը ավելի շատ խոնավություն է պարունակում, ինչի հետևանքով՝ ամպրոպային ամպերը դառնում են «ավելի ծանր», գրում է գործակալությունը։