Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգում
Հասարակություն
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքում մի շարք փոփոխություններ նախատեսող նախագիծ, որի դրույթներից մեկը վերաբերում է վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգին:
Գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածով աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝
140 օր՝ 70 օր հղիության և 70 օր ծննդաբերության ժամանակահատվածի համար,
155 օր՝ 70 օր հղիության և 85 օր ծննդաբերության ժամանակահատվածի համար՝ բարդ ծննդաբերության դեպքում,
180 օր՝ 70 օր հղիության և 110 օր ծննդաբերության ժամանակահատվածի համար՝ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում։
Գործող կարգավորմամբ՝ ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին։ Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի համար կնոջը վճարվում է մայրության նպաստ։
Միևնույն ժամանակ, եթե կինը ծննդաբերում է վաղաժամ և մինչ այդ չի գտնվել հղիության արձակուրդում, մայրության նպաստը տրամադրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար։
Ի՞նչ է առաջարկվում փոխել։
Նախագծով առաջարկվում է հստակեցնել ժամկետից շուտ ծննդաբերելու դեպքում տրամադրվող արձակուրդի ժամկետները՝ այն փոխկապակցելով հղիության տևողությանը. Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ տարբերակումը.
Հղիության 210-րդ օրը կամ դրանից հետո ծննդաբերելու դեպքում կինը կօգտվի ինչպես հղիության, այնպես էլ ծննդաբերության արձակուրդի մասից։
Հղիության 154-րդ օրվանից մինչև 209-րդ օրը ներառյալ ծննդաբերելու դեպքում կինը կօգտվի միայն ծննդաբերության արձակուրդի մասից։
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10887։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը