ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել
ՀասարակությունՍեպտեմբերի 9-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «700-ԻՑ ԱՎԵԼԻ ՈՍՏԻԿԱՆ ԿԱՍԿԱԾՎՈՒՄ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերտառությամբ հոդված, որում նշվում է, թե ոստիկանները պետք է փորձաքննություն անցնեն առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
«Նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացով։
Մասնավորապես, այն իրավական պահանջ է, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2023 թ.հունիսի 1-ի թիվ 892-Ն որոշմամբ։
Համաձայն նշված որոշման՝ ոստիկանության ծառայողին ատեստավորման գործընթացին թույլատրվում է մասնակցել միայն թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման բացասական պատասխանից հետո:
Հետևապես, անկախ կասկածի առկայությունից կամ բացակայությունից, բոլոր ոստիկանները մինչև ատեստացիայի բուն գործընթացը, պետք է անցնեն վերոնշյալ ստուգումը»,– պարզաբանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: