Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12-15-ն աշխատելու է արտակարգ ռեժիմով
ՀասարակությունԿարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը սեպտեմբերի 12-15-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, այս մասին տեղեկանում է մետրոպոլիտենի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված հաղորդագրությունից:
«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երևանի Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) իրականացվելու է հայ և համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ։
Թատրոնի արտիստների կազմի ներկայացմամբ սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ», սեպտեմբերի 14-ին՝ Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերաները, իսկ սեպտեմբերի 15-ին՝ «Օպերա գալա» համերգային ծրագիրը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ս.թ. սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ սեպտեմբերի 12-ին,13-ին,14-ին և 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին: