Միջազգային դերակատարներ, անհապաղ քայլեր ձեռնարկեք․ ՄԻՊ-ը՝ Արցախում Ադրբեջանի սադրանքի մասին
ՀասարակությունԱդրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և դերակատարներին անհապաղ քայլեր ձեռնարկել։
Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության ուղղությամբ կիրառում են տարբեր խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Այդ առնչությամբ ահազանգեր են ստացվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
Պաշտպանը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն բոլոր իրավիճակներում և աշխարհի ցանկացած անկյունում։ Պաշտպանը կոչ է անում իրավապաշտպան ամբողջ հանրությանը համախմբվել այս նպատակի իրացման շուրջ և կանխել մարդու իրավունքների ժամանակակից համակարգի ձևախեղումը։