Կրակահերթ էր արձակել և սպանել 39-ամյա համաքաղաքացուն
ՏեսանյութերՆոյեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել վանաձորցի մի երիտասարդ և հայտնել, որ Մարգարյան փողոցում մարդ է սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը Մարգարյան փողոցի նշված շենքի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Տարոնի բաժին են տեղափոխել վանաձորցի 28-ամյա երիտասարդին: Բաժնում նա կատարվածի վերաբերյալ հաղորդում է տվել: Ըստ այդմ՝ ժամը 22.30-ին անձնական հարցեր պարզաբանելու նպատակով 28-ամյա երիտասարդը Տիգրանյան փողոցում հանդիպել է 39-ամյա համաքաղաքացուն և այդ ընթացքում ինքնաձիգով մեկ անգամ կրակել է նրա վարած «Ֆորդ Ֆյուժն» մեքենայի ուղղությամբ, իսկ երբ նա փորձել է դիմել փախուստի, մեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի մեքենային: 28-ամյա երիտասարդը, մոտենալով մեքենային, կրակահերթ է արձակել 39-ամյա տղամարդու ուղղությամբ՝ սպանելով նրան:
Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: