Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը
ԻրավունքՀայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինին, ներդրումների ոլորտում գլոբալ խարդախության ցանցի՝ զանգերի կենտրոնների գործով, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Ենթադրվում է, որ Բենիմինին, ով Իսրայելի և Վրաստանի քաղաքացիություն ունի, կալանավորվել է գերմանացի դատախազների պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում ցանցի մասնաճյուղը։
Դավիթ Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարն էր 2006-2008 թվականներին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին։ 2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նա լքեց Վրաստանը։ 2021 թվականին Գերագույն դատարանը Կեզերաշվիլիին հեռակա դատապարտեց հինգ տարվա ազատազրկման՝ 5 միլիոն եվրոյի յուրացման համար։ Մինչ այս երկու ատյանների դատարանները նրան արդարացրել էին։ Նրա մասնակցությամբ ևս երկու գործ է քննվում։