Էրեբունու փոխթաղապետը քանդել է մայթի հաշվին կառուցած շքամուտքը․ «Հետք»
ՔաղաքականԵրևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանը քանդել է իր տան շքամուտքը, որը կառուցում էր մայթի հաշվին։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Հետքին» փոխանցեցին, որ պաշտոնյան իր նախաձեռնությամբ է ապամոնտաժել շքամուտքը, թեև որևէ խախտում թույլ չէր տվել։
Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Էրեբունի թանգարանի հարևանությամբ՝ Մահարու փողոց 39/6 հասցեում շինարարություն է ընթանում։ Բազմաբանակարան շենքի պատին կից երկհարկանի առանձնատան երկու մուտքերի համար բետոնե հիմքով շքամուտք և հենասյուներով ցանկապատ է կառուցվում։
«Ուսումնասիրելով Մահարու փողոցում իրականացվող շինարարության փաստաթղթերը՝ պարզել էինք, որ 2023 թ․ սեպտեմբերին փոխթաղապետի մայրը քաղաքապետարանից ստացել է տան վերակառուցման շինթույլտվություն։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ նախամուտք պետք է կառուցվեր գոյություն ունեցող աստիճանի և սանդուղքի տեղում։ Մինչդեռ շինարարության ընթացքում նախամուտքը դարձել է շքամուտք, իսկ դրան կից մայթի վրա երկաթբետոնե սյուներ են կառուցել»,– գրում է կայքը։