Մուտք ենք գործում 2024 թվական՝ Աբովյան համայնքը զարգացնելու, բարեկարգելու նոր ծրագրերով. Էդուարդ Բաբայան
ՔաղաքականԱբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը.
«Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Ավարտին է մոտենում 2023 թվականը, որը մեր համայնքում հատկանշվեց մաշտաբային և կարևոր մի շարք աշխատանքների իրականացմամբ: Համայնքապետարանի նախաձեռնությամբ, ինչպես նաև բնակիչ-համայնք, համայնք-պետություն արդյունավետ համագործակցություններով անցնող տարում կյանքի կոչեցինք կառուցապատման և բարեկարգման բազում ծրագրեր: Աշխատանքային ակտիվությանն ու առաջընթացին զուգահեռ՝ մենք միասնաբար հաղթահարեցինք մեր առջև ծառացած մի շարք մարտահրավերներ: Կարևոր եմ համարում արձանագրել, որ Արցախի բռնի հայաթափումը ծանր ու ցավալի իրադարձություն էր յուրաքանչյուրիս համար, սակայն մենք, չընկրկելով դժվարությունների առջև, համախմբված կազմակերպեցինք բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման, կարիքների գնահատման և աջակցությունների տրամադրման ծավալուն աշխատանքները:
Հակառակ ստեղծված դժվարին իրավիճակին՝ ուզում եմ տարեմուտին ընդառաջ մեր բոլոր հայրնեակիցները զինվեն լավատեսությամբ, նոր ուղիներ հարթելու պատրաստակամությամբ և պայքարելու, առաջ շարժվելու հաստատակամությամբ:
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ առաջնագծում մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահող զինծառայողներին, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, զգոն և անվտանգ ծառայություն:
Սիրելի՛ հայրենակիցներ, Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.
Մենք մուտք ենք գործում 2024 թվական՝ Աբովյան համայնքը զարգացնելու, բարեկարգելու նոր ծրագրերով, ձեզ հետ միասին էլ ավելին անելու պատրաստակամությամբ ու դրական միտումներով:
Ամենաջերմ և ընտանեկան տոների կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ, թող որ գալիք տարում խաղաղություն և առաջընթաց հաստատվեն մեր հայրենիքում, առողջություն, երջանկություն և ներդաշնակություն տիրեն ձեր ընտանիքներում և իրականանան տարեմուտին մտապահված նվիրական երազանքները:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: