Բաքվում կայացել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը
ՀասարակությունԲաքվում այսօր՝ հունվարի 7-ին, սկսվել է առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Հասան Ախմեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում ցուցմունք է տվել մեղադրյալ Վագիֆ Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել և՛ ինքը, և՛ իր փաստաբան Ռադմիլա Աբիլովան։
«Ես երդվում եմ, որ անմեղ եմ: Ինձ մեղադրողին չեմ ճանաչում։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ ես մարդ եմ սպանել: Բայց ես այնտեղ չեմ եղել»,- ասել է Խաչատրյանը։
Խաչատրյանի պաշտպանը ճառի ժամանակ դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Մուրադ Հուսեյնովը, որը դատավարության ժամանակ հանդես է եկել որպես տուժող, ինչպես նաև պետական դատախազը, խնդրել են չբավարարել բողոքը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 15-ին։