Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա․ պատգամավորներ
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Արթուր Խաչատրյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․
«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կողմերի առաջարկներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած մտահոգությունները, կապված ընթացող բանակցային գործընթացի տրամաբանության և ադրբեջանական նախապայմանները բավարարելու հետ, այսօր, ցավոք, հաստատվեցին ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով:
Փաշինյանը նաև խոստովանել է, որ նման հայտարարության շարժառիթ է «քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելը»։
Այս հայտարարությունը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային։
Հիշեցնենք, որ վերոհիշյալ երկու պետությունների կողմից ՀՀ-ին ներկայացնող մշտական պահանջներից է եղել ՀՀ հիմնարար փաստաթղթերից հեռացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթները։
Արձանագրում ենք, որ այս քայլով Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար»,- ասվում է հայտարարության մեջ։