Զիմբաբվեում 2023 թվականին 160 փիղ է սատկել
Այլ2023 թվականի օգոստոսից դեկտեմբեր ամիսների երկարատև երաշտի հետևանքով ավելի քան 160 փիղ է սատկել Զիմբաբվեի Հվանգե ազգային պարկում: Այս մասին հայտնում է «The Guardian» թերթը՝ վկայակոչելով վայրի կենդանիների պաշտպանության տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Պարբերականի տվյալներով՝ 2023 թվականին Զիմբաբվեի մեծ մասում 50%-ով քիչ տեղումներ են գրանցվել նորմայի համեմատ, ինչի հետևանքով երաշտի ժամանակաշրջանը զգալիորեն երկարել է։
«Փղերի զանգվածային մահացությունը տեղի է ունեցել անձրևի բացակայության պատճառով։ Կենդանիների մեծ մասը սատկել է երիտասարդ տարիքում», - ասում է Զիմբաբվեի այգիների և վայրի բնության վարչության ներկայացուցիչը։
«Սովը, բարձր ջերմաստիճանը և ջրի բացակայությունը սթրես են առաջացրել փղերի մոտ։ Դեպքը կարող է կրկնվել նաև այս տարի»,- հավելել է նա։
Նման դեպք Զիմբաբվեում տեղի է ունեցել նաև 5 տարի առաջ, երբ երաշտի հետևանքով սատկել էր մոտ 200 փիղ։