Փաշինյանը կմասնակցի Բրյուսելում կայանալիք ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին
Արտաքին ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում կայանալիք ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը։
«Մարտի 21-ին Բրյուսելում ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողով է կազմակերպվում, որին իր մասնակցությունն արդեն հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այդ ժամանակ կլինի Բրյուսելում և հնարավորություն կունենա հանդիպել Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է դեսպանը՝ անդրադառնալով Հայաստանի և Բելգիայի միջև առաջիկա բարձրաստիճան այցերի մասին հարցին։
Ատոմային էներգետիկային նվիրված գագաթնաժողովն անցկացվելու է Բրյուսելում՝ մարտի 21-22-ը։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հայտնում է, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։
Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։
Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոն։