«Էջմիածին» խմբակցությունը կոչ է անում փետրվարի 24-ին հավաքվել Մայր Աթոռում՝ պաշտպանելու եկեղեցուն
ՔաղաքականԷջմիածին քաղաքի ավագանու խմբակցությունը կոչ է անում քաղաքացիներին փետրվարի 24-ին՝ ժամը 11։30-ին, լինել Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի խորանի մոտ՝ հակազդելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հնարավոր ոտնձգություններին։
«Բոլորս քաջատեղյակ ենք` վերջին շրջանում ինչ-որ արկածախնդիրների կողմից դեպի Հայ Առաքելական Եկեղեցին իրականացվող կեղտոտ քայլերի մասին, որոնք առաջին իսկ պահից մեր կողմից արժանացել են կտրուկ հակազդեցության:
Համախմբված գործողությունների արդյունքում համայնքապետարանի կողմից չեղարկվեց մինչ այդ իր իսկ կողմից արտոնված, «Վարդանանք» շարժման կողմից պլանավորվող հակաեկեղեցական և ապազգային ակցիաները, ինչպես նաև մեծ կոնսոլիդացիա առաջացրեց պաշտպանելու Հայ Եկեղեցին ոտնձգություններից:
Այս ամենից հետո բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում «Վարդանանք» կոչվող իբր թե կառույցը հայտարարել է , որ չեղարկում է և հետաձգում իրենց ակցիաները Էջմիածնում:
Սակայն, կարծում ենք, պետք է պահպանել զգոնություն և հետևողական պայքար մղել նման անհասկանալի և սրբություն չունեցող անձանց կողմից իրականացվող ցանկացած միջոցառման դեմ:
Հաշվի առնելով վերը նշվածը և այդ անձանց բարոյական կերպարը` առաջարկում ենք ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ (բաց խորան):
Հայ Առաքելական Եկեղեցին Սրբության Սրբոցն է»,- նշված է խմբակցության հայտարարությունում։